Հովհաննես Բաչկովը հաղթեց ու ապահովեց աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մրցումային տասներորդ օրը կայանում են քառորդ եզրափակիչի հանդիպումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 63,5 կգ քաշային կարգում հաղթեց կոլումբիացի Խեսե Վիաֆարա Ֆորիին ու անցնելով կիսաեզրափակիչ` ապահովեց աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը։
Բաչկովը, ինչպես միշտ, տիրեց ռինգի կենտրոնին ու հաճախ սեղմելով մրցակցին ռինգի ճոպաններին, դիպուկ հարվածներով միավորներ էր վաստակում։ Առաջին ռաունդից հետո բոլոր հինգ մրցավարներն էլ հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին։
Երկրորդ ռաունդում Բաչկովն ավելի ակտիվացրեց ու արագացրեց իր գործողությունները, և ցուցադրելով հարվածային տեխնիկայի բազմազանություն` շարունակեց միավորներ վաստակել։ Այս ռաունդից հետո նույնպես մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը տվեցին մեր բռնցքամարտիկին։
Հովհաննես Բաչկովը 5:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին
Բաչկովը վստահ անցկացրեց նաև երրորդ ռաունդը` ոչ մի շանս չտալով կոլումբացի բռնցքմարտիկին, ու հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։
Հիշեցնենք, որ Բաչկովը արդեն 3 անգամ դարձել է աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։
Այսօր ցերեկային մրցահերթի վերջին մենամարտում Նարեկ Մանասյանը 92կգ քաշային կարգում մրցելու է իսպանացի Էմանուել Ռեյես Պլայի հետ, իսկ երեկոյան մրցահերթում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը կիսաեզրափակիչի ուղեգիրն է վիճարկելու վրացի Գեորգի Կուշիտաշվիլիի հետ։
Հովհաննես Բաչկովը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Տաշքենդ է մեկնել 11 բռնցքամարտիկով։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (92+ կգ) արդեն պարտվել ու լքել են մրցաշարը։