ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու` գեներալ Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստն այսօր հետաձգվել է։
Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Հակոբ Ենոքյանը։
«Այսօրվա դատական նիստում երկու նոր հանրային պաշտպան են ներգրավվել, բացի այդ՝ բացակա էին երկու պաշտպաններ։ Քննարկվել է այդ պայմաններում դատական նիստը շարունակեու հնարավորությունը, որի ժամանակ մենք նշել ենք, որ հնարավոր չէ շարունակել դատական նիստը։ Դատարանը դատական նիստը հետաձգել է աշխատանքային օրվա ավարտման կապակցությամբ»,–ասաց Ենոքյանը։
Նրա խոսքով` նոր ներգրավված հանրային պաշտպանները ժամանակ են խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, իսկ նյութերը մեծածավալ են` մոտ 60 հատոր։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է վաղը` մայիսի 11–ին, ժամը 14.00–ին։
Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ վարույթ նախաձեռնվեց այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ի հավանությունը ստացավ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Նախկին բարձրաստիճան զինվորականները մեղադրվում են 2 զորամասի տարածքների վաճառքի հետ կապված խարդախությունների մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։
Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել։