Արդեն 11 օր է` Արցախից ՀՀ բուժառու չի տեղափոխվել անգամ ԿԽՄԿ–ի միջնորդությամբ

Հակարի գետի կամրջի վրա անցակետ տեղադրելուց հետո որոշակի հստակեցումների և շտկումների կարիք է եղել, այս պահին ԿԽՄԿ–ն կողմերի հետ քննարկումներ է իրականացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ապրիլի 29–ից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան բուժառու չի տեղափոխվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելելով, որ այս պահին կազմակերպությունը կողմերի հետ տեղափոխման հետ կապված որոշ ընթացակարգեր է հստակեցնում։
«Նոր անցակետ տեղադրելուց հետո մենք երկու անգամ կատարել ենք տեղաշարժեր։ Մեկը ապրիլի 28-ին է եղել` տեղափոխել ենք 13 բուժառու, մյուսը` ապրիլի 29-ին, այդ օրը տեղափոխել ենք ևս 16 բուժառու։ Սակայն այս երկու գործողությունից հետո որոշակի հստակեցումների և շտկումների կարիք եղավ, որն այս պահին դեռևս քննարկումներ մեջ է»,– նշեց նա։
Նա նշեց, որ այս պահին որոշակի ուշացումներ կան, բայց նաև հավելեց, որևէ արգելքի մասին խոսք չկա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
Այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։