Անկարան հույս ունի, որ «հացահատիկային գործարքը» կերկարաձգվի առնվազն 2 ամսով. Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳՆ–ում հայտարարել են՝ վերջնակետում հնարավոր է, որ նախագահ Էրդողանը բանակցի ռուս գործընկեր Պուտինի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Անկարան Ստամբուլում «հացահատիկային գործարքի» բանակցությունների դրական հանգուցալուծման հույս ունի, կարծում է, որ այն կերկարացվի առնվազն 2 ամսով։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Հույս ունեմ, որ բանակցությունների դրական արդյունք կունենանք։ Վերջում հնարավոր է նախագահ Էրդողանի և հարգարժան պարոն Պուտինի հետ բանակցություններ կայանան։ Հույս ունենք, որ գործարքը կերկարացվի առնվազն 2 ամսով», – ասել է լրագրողներին Չավուշօղլուն։
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: 2023 թվականի մարտի 18-ին գործարքը երկարացրել են 60 օրով` մինչև մայիսի 18-ը։ Ուկրաինան պնդում է, որ գործարքը երկարացվել է 120 օրով։
ՌԴ ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հացահատիկային գործարքը
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածությունների բաղկացուցիչ մաս է։ Երկրորդ մասը` երեք տարվա համար նախատեսված Ռուսաստան–ՄԱԿ հուշագիրը, ռուսական պարենամթերքի և պարարտանյութի արտահանման ապաարգելափակում է նախատեսում, SWIFT համակարգին «Ռոսսելխոզբանկի» միացում, գյուղտեխնիկայի, պահեստամասերի մատակարարումների և սպասարկման, «Տոլյատի–Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնում և մի շարք այլ միջոցներ։ Ինչպես նշում են Մոսկվայում, փաթեթային պայմանավորվածությունների այս մասը մինչ օրս չի կատարվում։