ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի հիմնարար հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հաղթանակի զբոսայգում այսօր այս մասին հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Որոշ հարցերում ինչ–որ առաջընթաց եղել է, բայց դրանք ամենահիմնարարը չեն»,– հայտարարեց նա։
ԱԽ քարտուղարը հիշեցրեց` բանակցություններում հայտնի սկզբունք կա. քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ` ոչ մի բան էլ համաձայնեցված չէ։
«Կիրակի օրը լինելու է հանդիպում Բրյուսելում, այնուհետև` Քիշնևում։ Հանդիպմանը մասնակցեն նաև Ֆրնասիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Կաշխատենք այն ուղղությամբ, որ հնարավորինս մոտարկենք մոտեցումները և առաջ շարժվենք»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Արցախին, ապա ՀՀ ԱԽ քարտուղարը հայտնեց, որ մոտեցումները նույնն են` պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, Ստեփանակերտն ու Բաքուն նստեն բանակցությունների սեղանի շուրջ։
Գրիգորյանը հիշեցրեց, որ հայակական կողմն արդեն բարձրաձայնել է տարաձայնությունների մասին,և առանց դրանց լուծման` պայմանագրի ստորագրումը հնարավոր չէ։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։