ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում այսօր տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
Հոգեհանգստյան կարգից հետո ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի խաչվառի առաջնորդությամբ մեկնարկել է խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
Երիտասարդներն իրենց ձեռքում պահել են 44–օրյա պատերազմում զոհված հերոսների լուսանկարները։
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Հայրենական մեծ պատերազմում (1941–1945 թթ) խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։
Ինչ վերաբերում է Հայրենական մեծ պատերազմին` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել ռազմաճակատ։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։