Ռուսաստանի դեմ պատերազմ է սանձազերծվել, բայց մենք գլուխ կհանենք. Պուտին

Հաղթանակի շքերթի ժամանակ իր ելույթում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի համար թշնամական ժողովուրդներ չկան ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Ռուսաստանի դեմ կրկին պատերազմ է սանձազերծվել, սակայն երկիրը հակահարված է տվել միջազգային ահաբեկչությանը, այն կպաշտպանի նաև Դոնբասի բնակիչներին և կապահովի իր անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի բացման ժամանակ:
Նա հավելել է, որ Ռուսաստանի համար ոչ բարեկամ, թշնամի ժողովուրդներ չկան ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում։
ՌԴ–ն շատ լուրջ է վերաբերվում ՀՀ–ի հետ դաշնակցային պարտավորություններին. Կոպիրկին
Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ քաղաքակրթությունն այսօր կրկին բեկումնային փուլում է։ Հատուկ ռազմական գործողությանը մասնակցողներից է կախված Հայրենիքի անվտանգությունը, հիմա ավելի կարևոր գործ չկա։
Նա նշել է, որ Կիևը պետական հեղաշրջման պատանդն է և մանրադրամ է դարձել Արևմուտքի ձեռքում:
«Չափից դուրս փառասիրությունը, ամբարտավանությունն ու ամենաթողությունն անխուսափելիորեն վերածվում են ողբերգությունների։ Հենց դա է այն աղետի պատճառը, որն այժմ ապրում է ուկրաինացի ժողովուրդը։ Այն դարձել է պետական հեղաշրջման և դրա հիման վրա ստեղծված իր արևմտյան տերերով հանցավոր ռեժիմի պատանդը, մանրադրամ նրանց դաժան շահադիտական ծրագրերի իրականացման գործում»,-ասել է Պուտինը։
Արևմուտքում ոչնչացնում են հուշարձանները, նացիզմի պաշտամունք են ստեղծում։ Այդ անարգանքը նրանց հանցագործությունն է, ովքեր նոր արշավանք էին նախապատրաստում ՌԴ-ի դեմ։
ՌԴ–ում ՀՀ դեսպանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերաններին
ՌԴ նախագահի խոսքով` մի շարք երկրներ ցանկանում են խեղդել զարգացման ցանկացած ինքնիշխան կենտրոն, ջնջել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, վերջնականապես փչացնել գլոբալ անվտանգության և միջազգային իրավունքի համակարգը։
«Ռուսաստանն ուզում է ապագան տեսնել խաղաղ, ազատ և կայուն, իսկ գերազանցության ցանկացած գաղափարախոսություն հանցավոր է և մահաբեր: Ինչպես մոլորակի մարդկանց բացարձակ մեծամասնությունը, այնպես էլ մենք, ցանկանում ենք ապագան տեսնել խաղաղ, ազատ և կայուն»,-ասել է Պուտինը։
Ելույթի ժամանակ Պուտինը մեկ րոպե լռությամբ հարգել է բոլոր նրանց հիշատակը, ում կյանքը խլել է Հայրենական մեծ պատերազմը:
Կարմիր հրապարակում անցկացված շքերթին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և Տաջիկստանի նախագահները, ինչպես նաև Հայաստանի վարչապետը: