ՌԴ–ում ՀՀ դեսպանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերաններին

Հայ վետերանները հատուկ հուշամեդալով են պարգևատրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը դեսպանատան մշակույթի կենտրոնում հյուրընկալել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ Ռոզալյա Աբգարյանին և Ներսես Սիմոնյանին, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։
ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ Ռոզալյա Աբգարյանը, Ներսես Սիմոնյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը
Վետերանները Հայաստանից ՌԴ են մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության առթիվ։
Դեսպան Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վետերաններին Մեծ հաղթանակի առիթով` նշելով, որ այն փոխեց համաշխարհային պատմության ընթացքը և շատ սերունդների համար կանխորոշեց արժանապատիվ կյանք։ Նա նաև ընդգծել է հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ ընդհանուր հաղթանակում։
ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ Ռոզալյա Աբգարյանը և Ներսես Սիմոնյանը
Հանդիպման ընթացքում դեսպանը վետերաններին հանձնել է «Անկախ պետությունների վետերանների (թոշակառուների) հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության համակարգող խորհրդի հուշամեդալը։ Նշենք, որ միությունը գլխավորում է գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկովը։
Դեսպան Հարությունյանը վետերաններին է հանձնում «Անկախ պետությունների վետերանների (թոշակառուների) հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության համակարգող խորհրդի հուշամեդալը
Հիշեցնենք` մայիսի 9–ը նշվում է որպես 1941–1945 թթ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր։
Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմ։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։
Ամեն անգամ նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 1945–ի մայիսի 9–ին. 100–ամյա վետերան