ՌԱԴԻՈ

ՌԴ-ն վճռական է տրամադրված. խաղաղության պայմանագիրը և ԱՄՆ-ում բանակցությունների ձախողումը

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Արևմուտքի դերակատարությանը և վերջին բանակցությունների արդյունքներին։
Sputnik
Ռուսաստանն այս անգամ ավելի վճռական է տրամադրված, քանի որ հայ-ադրբեջանական բանակցություններում Արևմուտքի անհաջողությունը Մոսկվային կրկնակի հնարավորություն է ընձեռել իր դիրքերն ավելի ամրապնդելու առումով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` վերլուծելով Վաշինգտոնում կայացած բանակցությունները։
Նշենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնում կայացած չորսօրյա բանակցությունների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմնարար հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ըստ նրա` որոշ հարցերում ինչ-որ առաջընթաց եղել է, բայց դրանք ամենահիմնարարը չեն։
«Ամեն դեպքում հարցը լուծվելու է Ռուսաստանի ջանքերով նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանության մեջ։ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի փոփոխությունը ցույց է տալիս, որ ՌԴ-ն համաձայն չէ ներկա իրավիճակի հետ և Բաքվի հետ բանակցությունները փորձելու է բերել վերոհիշյալ հայտարարության հուն»,– ասաց Բալասանյանը։
Անդրադառնալով Վաշինգտոնում կայացած Միրզոյան–Բայրամով բանակցություններին` միջազգայնագետն ընդգծեց, որ պետությունները չեն կարող չորս օր բանակցել, բայց արդյունքում գոնե մեկ ընդհանուր ասուլիս չունենալ։ Նա վկայակոչեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ սեղանին կա պայմանագրի տեքստ, սակայն ստացվեց այնպես, որ այն փաստացի չստորագրվեց։
«Բիլինկենի հայտարարությունն առ այն, որ կողմերն առաջընթաց են արձանագրել բանակցություններում, ավելի շատ ունի սեփական դեմքը փրկելու քարոզչական նշանակություն, որովհետև վաշինգտոնյան տարբերակն ամերիկյան կողմին ըստ էության միաձնյա հաղթողի դիրքերից հանդես գալու և դափնիները վերցնելու հնարավորություն չընձեռեց»,– ասաց մեր զրուցակիցը։
Խոսելով մայիսի 14-ին Բրյուսելում նախանշված Փաշինյան–Ալիև բանակցությունների հերթական փուլի մասին` Բալասանյանը շեշտեց, որ եվրոպական հարթակը Վաշինգտոնի համար դարձել է լրացուցիչ կայան, որտեղ կփորձեն ամեն դեպքում առաջ մղել հարաբերությունների կարգավորման արևմտյան տարբերակը։
«Արևմուտքի շտապողականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ցանկություն կա ամեն գնով հարավկովկասյան տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին կամ այստեղ բացել երկրորդ ճակատ նրա դեմ։ Ակնհայտ է, որ կոնկրետ Բրյուսելում, այնուհետև Քիշնևում, դժվար թե ստորագրվի որևէ փաստաթուղթ։ Փաշինյանի մոսկովյան այցը վկայում է հենց այդ մասին, և նման համոզմունք կա նաև ՌԴ–ում»,– ասաց միջազգայնագետը։
Նրա համոզմամբ` խաղաղության պայմանագիրը նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանության մեջ կնքելը բխում է մեր շահերից, քանի որ մեզ տալիս է Արցախը վերջնականապես չկորցնելու հնարավորություն։ Բալասանյանի կարծիքով` ճիշտ կլինի հրաժարվել բանակցությունների արևմտյան հարթակներից և կենտրոնանալ Մոսկվայի վրա` այնտեղ Ալիևի հետ ապագա բանակցություններում լրացուցիչ խաղաքարտեր ստանալու ակնկալիքով։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։