ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թուլատրելի չափից շատ անդամավճար է հավաքել, շուկայականից ցածր գնով կուսակցական գրասենյակներ է վարձակալել և նվեր ստացել գրասենյակի տարածքներ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ հայտնաբերելով մի շարք ֆինանսական խախտումներ` անկախ աուդիտորական եզրակացություն է ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
«ՔՊ-ի վերաբերյալ «ԹՄ աուդիտ» ՓԲԸ-ն եզրակացություն է ներկայացրել, համաձայն որի՝ կուսակցությունը կատարել է 9 մլն 64 հազար դրամի կանխիկ դրամական վճարումներ։ Եվ այստեղ էլ հենց կանոններ են խախտվել, քանի որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն` կուսակցությունները բոլոր դրամական միջոցները պետք է կատարեն անկանխիկ եղանակով»,–գրված է թերթում։
Թերթը գրում է նաև, որ, բացի այդ, ՔՊ-ն իրավաբանական անձանցից ստացել է 16 մլն 300 հազար դրամի աջակցություն, ինչպես նաև տարածք։
«Կուսակցությունը մեկ անձից ստացել է 4 մլն 992 հազար դրամի նվիրատվություն այն դեպքում, երբ տարեկան մեկ անձի կողմից 2 մլն 500 հազար դրամ պետք է կազմի այն, այսինքն՝ ՔՊ-ն ստացել է նաև թուլատրելիից ավելի նվիրատվություն՝ գումարի տեսքով»,– գրում է թերթը:
Ընկերությունը բացահայտել է նաև, որ 525 նվիրատուների մասով որևէ տեղեկություն առկա չէ, չկա տվյալ՝ ով, ինչու է նվեր տվել ՔՊ–ին: