ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Նորվեգական կողմը Բարենցբուրգում (Շպիցբերգեն) Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանը մերժել է այցելել Հույսի կղզում գտնվող խորհրդային նավաստիների հուշահամալիր: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արշիպելագում ՌԴ գլխավոր հյուպատոս Անդրեյ Չեմերիլոն։
Ավելի վաղ դիվանագետը պատմել էր, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի առթիվ Բարենցբուրգում տեղի է ունեցել ավտոմոբիլային շքերթ և ծաղկեպսակների խոնարհման արարողություն Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրում«Սլեյպներ» թնդանոթի մոտ, որը տեղադրվել է 1943 թվականի սեպտեմբերին, Բարենցբուրգի գերմանաֆաշիստական էսկադրիլիայի հարձակման ժամանակ զոհված նորվեգացի պաշտպանների պատվին: Ընդ որում` Չեմերիլոն նշել է, որ նորվեգացիներն արդեն երկրորդ տարին է, ինչ չեն մասնակցում Բարենցբուրգի հիշատակի միջոցառումներին:
Գլխավոր հյուպատոսի խոսքով` խորհրդային զինվորների ամենամոտ հուշահամալիրը գտնվում է Հույսի կղզում, Բարենցբուրգից 350 կմ հեռավորության վրա։ Այն տեղադրվել է Մուրմանսկի ծովային շոգենավային ընկերության կողմից 1975 թվականին, ի պատիվ «Դեկաբրիստ» շոգենավի 65 զոհված նավաստիների, որոնք խորտակվել են 1942 թվականի նոյեմբերի 4-ին հիտլերյան ավիացիայի հարձակման հետևանքով։
«Ցավոք, գլխավոր հյուպատոսությունը ինքնուրույն կղզի այցելելու հնարավորություն չունի, իսկ նորվեգական կողմը մերժումով է պատասխանել միասին կղզի այցելելու մեր խնդրանքին»,-հայտնել է Չեմերիլոն։
Շպիցբերգեն (Սվալբարդ) արշիպելագը գտնվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում` 76-րդ և 80-րդ զուգահեռականների միջև։ 1920 թվականի Սվալբարդյան տրակտատը սահմանեց Շպիցբերգեն արշիպելագի միջազգային իրավական կարգավիճակը։ Այն հաստատեց Նորվեգիայի ինքնիշխանությունը այս տարածքի նկատմամբ, որը նախկինում ոչ մեկինն էր համարվում, և պայմանագրի մասնակից պետություններին, որոնց թվում է նաև Ռուսաստանը, Շպիցբերգենի բնական ռեսուրսների և նրա տարածքային ջրերի շահագործման հավասար իրավունք տրվեց։
Նորվեգիայի խորհրդարանը 1947 թվականի բանաձևում ճանաչել է, որ ԽՍՀՄ-ը պետություն է, որը Նորվեգիայի հետ մեկտեղ հատուկ տնտեսական շահեր ունի Սվալբարդում։ 1991 թվականից այդ իրավունքներն անցել են Ռուսաստանին։ Շպիցենբերգը հատուկ կարգավիճակ ունի և բաց է Սվալբարդի տրակտատի մասնակից պետությունների քաղաքացիների առանց վիզայի այցելության համար: