ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Ռոզալյա Աբգարյանին և Ներսես Սիմոնյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հայ վետերանները Մոսկվա են մեկնել Երևանից և ներկա են գտնվել Կարմիր հրապարակում Մեծ հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:
Հիշեցնենք` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմ (1941-1945 թթ)։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։