ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ուկրաինայի ԱԳՆ-ն Կիևի նկատմամբ անբարոյական և ոչ բարեկամական քայլ է անվանել Մոսկվայում Հաղթանակի շքերթին ԱՊՀ երկրների առաջնորդների ներկայությունը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն այս մասին հայտարարություն է տարածել սոցցանցում։
Հաղթանակի շքերթին մասնակցելու համար Մոսկվա են ժամանել Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարները:
«Օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը նշված հանրային միջոցառմանը մենք դիտարկում ենք որպես անբարոյական և ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, արհամարհանքի դրսևորում ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»,– նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով հաղթանակի շքերթում, հայտարարել էր, որ Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամական և թշնամական ժողովուրդներ ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում: Նա նաև նշել էր, որ ԱՊՀ երկրների առաջնորդների այցը Մոսկվա Հաղթանակի շքերթին մասնակցելու համար ցույց է տալիս նրանց երախտագիտությունը մեր նախնիների սխրանքի նկատմամբ, որոնք միասին կռվել և հաղթել են։ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներն իրենց ներդրումն են ունեցել այդ հաղթանակի համար։