ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Իսրայելական ավիացիան հարված է հասցրել Գազայի հատվածի հարավին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
«ՑԱԽԱԼ-ի ավիացիան հարված է հասցրել ահաբեկիչների ջոկատին, որոնք զինված են եղել հակատանկային կառավարվող հրթիռներով` Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում», - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ Իսրայելի գործողությունները դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ը։ Նշվում է, որ կազմակերպությունը դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակի խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
Մայիսի 9-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորմանը պատկանող թիրախների ուղղությամբ: Գործողության ընթացքում ոչնչացվել են խմբավորման երեք հրամանատարներ, նրանց լուսանկարները սոցցանցերում հրապարակել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Գազայի հատվածում հրթիռակոծության հետևանքով 13 մարդ է զոհվել։