ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ժողովրդին պետք է պատրաստել համաժողովրդական մեծ անհնազանդության։ Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով`երկիրը դասական, ստանդարտ իրավիճակում չէ, որ խորհրդարանական ընդդիմությունը զբաղվի միայն ընթացիկ խնդիրներով ու բարձրաձայնի արդիական հարցեր, օրինակ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում, գյուղատնտեսության: Անվտանգության խնդիրների համեմատ դրանք երկրորդական են։
«Հայ ժողովրդի գլխավոր խնդիրը Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն է և պետության տարածքային ամբողջականությունը»,- ասաց Սաղաթելյանը։
Այլ կարևոր հարցերի թվում է նաև շրջափակված Լեռնային Ղարաբաղը՝ 120 հազար քաղաքացիներով։
Խորհրդարանական ընդդիմության հիմնական նպատակը պետք է լինի գործող իշխանությունների վերացումը, որոնք, ըստ Սաղաթելյանի, սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգը։
«Պետք է ժողովրդին պատրաստել համաժողովրդական մեծ անհնազանդության, այլ ճանապարհ չկա»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով`իրենք արդեն երկու փորձ են արել, բայց պետք է փորձել, մինչև հաջողվի։
Նշենք, որ 2022 թվականին Սաղաթելյանը համակարգել է «Դիմադրություն» շարժումը։