Հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել. ՀՀ 2–րդ և 4–րդ նախագահների ուղերձները մայիսի 9–ին

ՀՀ չորրորդ նախագահը կոչ է անում այս օրը հիշել բոլոր նրանց, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ 2–րդ և 4–րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Սարգսյանը ուղերձներ են հղել Մայսի 9-ի կապակցությամբ։

«Համախմբված և կազմակերպված հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել»,– իր Telegram ալիքում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան` հավելելով, որ այս օրը դրա վառ ապացույցն է։

ՀՀ 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր ուղերձում նշել է, որ այսօր հաղթանակի և խաղաղության օր է։ Այս օրը պետք է հիշել բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար:
«Նրանք բոլորը համոզված էին, որ ազատությունը, խաղաղությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, որ դրանք ձեռք են բերվում կամքի ու ջանքի շնորհիվ, շատ հաճախ՝ կյանքի ու առողջության գնով»,– գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Հայրենական մեծ պատերազմում (1941–1945 թթ) խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։
Մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով. Փաշինյանի ուղերձը
Ինչ վերաբերում է Հայրենական մեծ պատերազմին` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել ռազմաճակատ։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։
Ամեն անգամ նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 1945–ի մայիսի 9–ին. 100–ամյա վետերան