Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է կախված լինեն միջազգային իրադրությունից. Մատվիենկո

Ալեն Սիմոնյանի և Վալենտինա Մատվինեկոյի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Մատվիենկոն կարծում է, որ հակառուսական քարոզչության պայմաններում հատկապես կարևոր է պահպանել պատմական հիշողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը տրամադրված է ամրապնդել բազմապլան փոխգործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ:
«Ռուսաստանին ու Հայաստանին բարեկամության և բարիդրացիության հնագույն կապեր են կապում, որոնք չպետք է կախված լինեն միջազգային կոնյունկտուրայի տատանումներից։ Տրամադրված ենք մեր խորհրդարանականների միջև ինտենսիվ և բաց փոխգործակցությունը ամրապնդելու»,-Հաղթանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված շնորհավորական հեռագրում գրել է նա:
Մատվիենկոն նշել է, որ հավաքական Արևմուտքի կողմից սանձազերծված հակառուսական չդադարող քարոզչության պայմաններում հատկապես կարևոր է պահպանել հոգատար վերաբերմունքը ընդհանուր պատմական հիշողության նկատմամբ:
«Մեր խնդիրն է եկող սերնդին փոխանցել 1941-1945 թվականների իրադարձությունների իրական, այլ ոչ թե կեղծված պատմությունը և պահպանել հիշողությունն այն մասին, որ Եվրոպան իր ազատագրմամբ պարտական է խորհրդային զինվորին»,-ամփոփել է նա:
Հիշեցնենք` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմ (1941-1945 թթ)։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։