Գարեգին Բ–ն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին

Կաթողիկոսը «Հաղթանակ» զբոսայգի է այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի` իր հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշատակին: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Կաթողիկոսը զբոսայգի է այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ։
Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո Գարեգին Երկրորդը աղոթել է հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար:
Հիշեցնենք` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմ։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։