Երևանի քաղաքապետարանը «Նեմեսիսի» արձանը քանդելու խնդիր և մտադրություն չունի

«Նեմեսիսի» հուշարձանը Երևանում
Ավելի վաղ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման մասին, նշել էր` կայացվել է սխալ որոշում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը քանդելու մտադրություն չունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
Ապրիլի 29-ին հայտնի էր դարձել, որ Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Դրանից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է ապամոնտաժի Երևանում տեղադրված հուշարձանը։
«Երևանի քաղաքապետարանը «Նեմեսիսի» արձանը քանդելու խնդիր և մտադրություն չունի»,–ասաց Սարդարյանը։
Երևանի օղակաձև զբոսայգում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված աղբյուր–հուշակոթողը տեղադրելու որոշումը կայացվել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետն էր Հայկ Մարությանը։
Արձանը տեղադրվեց որոշումից ավելի քան 1.5 տարի անց` 2023 թվականի ապրիլի 25-ին։ Բացմանը մասնակցեց նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը ՔՊ–ի կողմից մայրաքաղաքի ղեկավարի հավանական թեկնածուն է։ Հավանաբար սա PR քայլ էր Ավինյանի կողմից` մասնակցել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությանը։
Իսկ, թե ինչու է արձանը տեղադրվել հենց այս ժամանակահատվածում, երբ Հայաստանը փորձում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, մնում է միայն կռահել։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման մասին, նշել էր` կայացվել է սխալ որոշում։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, և ինքը չէր ցանկանա, որ դա դիտվեր իբրև Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։