ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Լիբանանի բանկային ավանդատուների իրավունքների պաշտպանության ասոցիացիան այսօր Բեյրութում բողոքի զանգվածային ակցիաներ է անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ ակցիաները վերածվել են ուժայինների հետ բախումների։
Հարյուրավոր քաղաքացիներ, որոնց հաշիվները տեղական բանկերում սառեցվել են 2019 թվականից, հավաքվել են Բեյրութի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի մոտ, ապա շարժվել տարբեր ուղղություններով։
Ցուցարարների մի մասը փորձել է գրոհել Բեյրութի կենտրոնում գտնվող Աուդի բանկի մասնաճյուղը, այնուհետև շարժվել է դեպի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի նստավայր:
Ցուցարարները հրկիզել են անվադողերն ու իրավապահների վրա վառվող խառնուրդով շշեր նետել, ուժայինները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել՝ ստիպելով նահանջել:
Ավելի վաղ Լիբանանի բանկային ավանդատուների իրավունքների պաշտպանության «Սարհատ Ալ-Մուդին» (Depositors' Outcry Association) ասոցիացիան սոցցանցերում հայտարարություն էր հրապարակել այն մասին, որ մայիսի 9-ից մտադիր է մի շարք բողոքի ակցիաներ անցկացնել` ներառյալ բանկային բաժանմունքների գրավումը, որպեսզի հասնեն հաշիվներից անհետացած գումարների վերադարձին:
Ասոցիացիան կոչ է արել խորհրդարանականներին աջակցել խաբված ավանդատուներին, իսկ անվտանգության ծառայությունների աշխատակիցներին՝ չխոչընդոտել նրանց ակցիաներին:
2019 թվականից Լիբանանի բանկային համակարգը ճգնաժամ է ապրում։ Բանկերը արտարժույթի պակասի պատճառով հրաժարվում են քաղաքացիների ավանդների գումարները տրամադրել «կոշտ» արժույթով՝ առաջարկելով նրանց միջոցները ստանալ լիբանանյան ֆունտով՝ սև շուկայից զգալիորեն ցածր փոխարժեքով: