Վետերանների շուրթերով. Երևանում կայացավ «Հաղթանակի հետքերով» վավերագրական ֆիլմի պրեմիերան

Ֆիլմում Հայրենական մեծ պատերազմի 14 մասնակիցներ պատմում են իրենց պատմությունները։ Պրեմիերային ներկա էր Հայաստանում Ռուսաստանի դեսպանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Երևանում կայացավ «Հաղթանակի հետքերով» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որում Հայրենական մեծ պատերազմի 14 մասնակիցներ պատմում են պատերազմի տարիներին իրենց անցած ռազմական ուղու մասին։
«Մեզ համար շատ կարևոր էր պահպանել պատերազմի սկզբից մինչև վերջ մարտական ճանապարհ անցած մեր վետերանների պատմությունները, և հավաքել այն հինգերորդ վավերագրական ֆիլմում։ Կարևոր է, որ հենց իրենք են պատմում այդ պատմությունները», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստանի անմահ գունդ» ՀԿ–ի նախագահ Գոհար Ղումաշյանը։
Նա նշեց, որ վետերանների մասին պատմող վավերագրական ֆիլմը ցուցադրվելու է Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում։ Ղումաշյանը համոզված է` չափազանց կարևոր է ապագա սերունդներին պատմելը պատերազմի մասնակիցների սխրանքների մասին և այն գնի, որով հաղթանակ է կերտվել։ Ղումաշյանին հուզել է Ռոզալյա Աբգարյանը։ Այն մասին, որ պատերազմ է սկսվել, նա իմացել է ավարտական երեկոյի ժամանակ։ Ռազմաճակատ մեկնելու ցանկություն են հայտնել Ռոզալյայի բոլոր համադասարանցիները։
«Հայաստանի անմահ գունդ» ՀԿ–ի նախագահ Գոհար Ղումաշյան
Պետք է նշել, որ Աբգարյանը ցուցադրությանը ներկա չէր. նա Մոսկվա է մեկնել մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու նպատակով։
Իսկ ահա Հայրենական մեծ պատերազմի վետերան Լաչին Ստեփանյանը, չնայած նրան, որ իր պատմությունը ֆիլմում տեղ չի գտել, եկել է դիտելու պրեմիերան։ Ասում է` չէր կարող բաց թողնել իր համար հարազատ դարձած վետերաններին տեսնելու և շնորհավորելու առիթը։
«Հաղթանակի հետքերով» վավերագրական ֆիլմի պրեմիերայի ժամանակ
Ստեփանյանը կարծում է, որ պատերազմի մասին կարևոր է և պետք է պատմել, ինչպես նաև հիշել և գնահատել նրանց, ովքեր անցել են պատերազմի սարսափներով։ Նա շատ է սիրում Հաղթանակի տոնը, ու չնայած իր տարիքին (98 տարեկան է), ամեն տարի հավուր պատշաճի տոնում է այն։
«Մենք Պրահայում էինք, երբ պատերազմը սկսվեց։ Բոլորը քայլում էին ծաղիկներով ու բացականչում «Հիտլեր կապուտ» (Մահ Հիտլերին)», – հիշում է վետերանը։
Պաշարված Լենինգրադի բնակիչ Մարկ Օմանսկին հիշում է պատերազմական տարիների սարսափը։ Նա կարևոր է համարում Հաղթանակի օրը տոնելու համար Երևան ժամանելն ու Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ ծանոթությունը։ Ֆիլմի պրեմիերային եկել է մեծ սիրով, քանի որ կարևոր է համարում ֆաշիզմի դեմ կատաղի պայքար մղած մարդկանց մասին ամեն բան փաստագրելը։
Մարկ Օմանսկի
«Մայիսի 9-ին ես միշտ մասնակցում եմ Հաղթանակի շքերթին, տանն էլ ճոխ նշում ենք։ Դա սուրբ տոն է», – ասաց նա։
Լաչին Ստեփանյան
Պրեմիերային ներկա էին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հայ մտավորականության ներկայացուցիչներ և երիտասարդներ։
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու վետերանները «Հաղթանակի հետքերով» վավերագրական ֆիլմի պրեմիերայի ժամանակ
Նշենք, որ Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 67 վետերան կա, նրանցից ամենատարեցը 103 տարեկան է։ Նրանցից ոմանք մասնակցելու են ավանդական դարձած «Անմահ գունդ» երթին, որն այս տարի կանցկացվի Երևանում մայիսի 9-ին։ Նախնական հաշվարկով` երթին 5-7 հազար մարդ է մասնակցելու։
1 / 4
Ветераны ВОВ на показе документального фильма "Следы Победы" в кинотеатре "Москва" (8 мая 2023). Еревaн
2 / 4

Վետերանը «Հաղթանակի հետքերով» վավերագրական ֆիլմի պրեմիերայի ժամանակ

3 / 4

Հայրենական մեծ պատերազմի վետերանների մեդալները

4 / 4

«Հաղթանակի հետքերով» վավերագրական ֆիլմի պրեմիերան