ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Այսօր` Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 78-ամյակի նախօրեին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Մոսկվայի «Պոկլոննայա գորա» հուշահամալիրի տարածքում գտնվող Հաղթանակի թանգարան։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը։
Նշվում է, որ Հարությունյանին ուղեկցել են ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ Գարեգին Մելիքսեթյանը, Ռուսաստանի գերատեսչություններում Հայաստանի ներկայացուցիչներն ու դեսպանության աշխատակիցները։
Դեսպանության պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Հիշատակի և Փառքի կրակի մոտ։
Հաղթանակի թանգարանի ղեկավարության ուղեկցությամբ դեսպանության պատվիրակությունը ծանոթացել է «Битва за Москву. Первая Победа!» ցուցադրությանը։
Դեսպանությունում ճաշ է մատուցվել Հայաստանից ժամանած Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվիրակության համար, որոնց ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։