Պուտինը Հաղթանակի օրվա առիթով շնորհավորել է ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարներին, բացի մեկից

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
ՌԴ առաջնորդն իր շնորհավորանքներն առանձին հղել է Վրաստանի և Մոլդովայի ժողովրդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։
«Նշանակալից այս օրը մենք հարգանքի և երախտիքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ում աննման սխրանքները մարտի դաշտերում և անձնուրաց աշխատանքը թիկունքում թույլ տվեցին ջախջախել նացիստական ​​զավթիչներին և պաշտպանել սեփական հայրենիքի ազատությունը», – Պուտինի ուղերձն է մեջբերում Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել է նախագահը` «Մեծ հաղթանակի հոգևոր ժառանգությունը շարունակելու է նպաստել մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու բեղուն զարգացմանը»։
Պուտինը շնորհակալական խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և թիկունքի աշխատավորներին` մաղթելով նրանց առողջություն, ոգու առույգություն, բարեկեցություն և երկար տարիների կյանք։
«Այսօր մեր բարոյական պարտքն է սրբորեն պահպանել հայրերի և պապերի պատգամած ընկերության և փոխօգնության ավանդույթները, թույլ չտալ, որպեսզի խեղաթյուրվի Հայրենական մեծ պատերազմի մասին ճշմարտությունը, արդարացվեն նացիստները, նրանց հանցակիցներն ու ներկայիս գաղափարական ժառանգորդները», – ասվում է տեքստում։