Մասսայական դասալքության պատճառը պետության վարած քաղաքականությունն էր. Տիրան Խաչատրյան

Տիրան Խաչատրյան. Արխիվային լուսանկար
ԳՇ նախկին պետը նշում է, որ այդ ամենի պատճառը եղել է պետության վարած սխալ քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը վստահեցնում է` Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մասսայական դասալքություն է եղել։ Այս մասին Խաչատրյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում` ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստից առաջ։
«Դրանցով ով է զբաղվել, ինչի է զբաղվել կամ զբաղվել են արդյոք՝ բոլորովին այլ խնդիր է։ Իրականում մասսայական դասալքություն է եղել։ Պատճառը պետության վարած քաղաքականությունն է, քանի որ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր չեն իրականացվել։ Դա զինված ուժերի խնդիրը չի եղել»,– ընդգծեց ԳՇ նախկին պետը։
Նա անդրադարձավ նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում 44-օրյա պատերազմի ժամանակ 11.000 դասալիք է եղել։
Խաչատրյանը շեշտեց` ինքը չի կարող մեկնաբանել այդ հայտարարությունը, քանի որ անգամ իրավապահները չեն կարողանոմ հիմնավորել այն։
«Եթե ես բժիշկ չեմ, ապա չպետք է բժշկությունից խոսեմ, եթե ես քաղաքական գործիչ չեմ, ապա չպետք է քաղաքական երևույթների մեջ իմ դրսևորումներն ունենամ։ Մարդը, եթե մի փոքր բարոյականություն ունի, ապա իրեն չվերաբերող հարցերի մեջ քիթը չպետք է մտցնի»,– ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, կապված ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի հայտարարության հետ, հայտնել էր, որ 44–օրյա պատերազմի ընթացքում զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 756 անձ։