ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես Ադրբեջանն է ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե երբ հայտարարվում է` Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ, դա նաև Հադրութին և Շուշիի՞ն է վերաբերում, ՔՊ պատգամավորը շեշտեց` անընդհատ սադրում են այդ հարցով։
«Թեև Ադրբեջանն ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց գործուն, պրակտիկ քայլերով դա չի երևում Ադրբեջանի գործողություններից: Ցավը հենց այստեղ է։ Լեռնային Ղարաբաղի հարցը լրիվ այլ հարց է, լրիվ այլ ֆորմատի մեջ է: Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, ապրելու բոլոր երաշխիքների խնդիրը այլ հարց է, և սա միջազգային հարթակներում պետք է քննարկվի և քննարկվում է: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ԼՂ-ն լինի անվտանգ և այնտեղի բնակչությունն անվտանգության հետ կապված խնդիրներ չունենա»,– նշեց ՔՊ–ական պատգամավորը։
Խաչատրյանը հավելեց` բոլոր այս հարցերը բանակցային գործընթացներում և երկարատև տարիների քննարկումների թեմա են։ Վստահ է, որ դրանց լուծումը կապված է նաև ՀՀ դիմադրողականության, մի շարք աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։ Նա վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է և արվելու է, որ ԼՂ բնակչության անվտանգությունն ապահովվի։ Այսօր դեռ այդպես չէ։
«Ադրբեջանն ամեն կերպ փորձում է սադրել, անգամ էթնիկ զտումների ծրագրեր է իրականացնում, ինչքան էլ որ նրանք փորձեն այլ շղարշով դրանք փակել»,– նշեց նա։
ՔՊ–ական պատգամավորըհավելեց, որհենց այս բոլոր խնդիրներն են թե՛Մոսկվայում, թե՛ ԱՄՆ–ում քննարկումների և բանակցությունների առանցքում։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4–իբ հայտարարել է, որ այս շաբաթ այցելելու է Մոսկվա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, լրագրողներին ասել է, որ այս հարցում պետք չէ առաջ ընկնել։ Քննարկվում են որոշակի ծրագրեր: Քննարկումն ավարտին հասցնելուն պես համապատասխան հայտարարություն կարվի։