ՌԱԴԻՈ

Լեզուս չի պտտվում՝ ասեմ. մասնագետը՝ Արցախի գլխին կախված նոր հումանիտար աղետի մասին

Ջրամբարի պաշարների գերսպառումը Արցախում նաև բնապահպանական խնդիր է առաջ բերում։ Ոռոգման սեզոնին ընդառաջ Արցախի գյուղատնտեսական հողատարածքները զրկված են ջրից։
Sputnik
Սարսանգի ջրամբարի պաշարների գերօգտագործման պատճառով Արցախն այսօր կանգնած է էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական նոր աղետների առաջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը։

«Իրոք ծանր է վիճակը, որովհետև Սարսանգի ջրամբարը նախատեսված չի եղել միայն էլեկտրաէներգիա արտադրելու համար, և եթե անընդհատ ռեժիմով էլեկտրաէներգիա ես արտադրում, բնականաբար հաճախակի ջուր ես բաց թողնում, ջրամբարում ջրի մակարդակը սկսում է իջնել»,– ասաց մասնագետը։

Նշենք, որ 2022թ–ից մինչ օրս Ադրբեջանը պարբերաբար փակում է Հայաստանից մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի մուտքը Արցախ։ Արդյունքում Արցախում ստիպված են ապավինել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ռեսուրսներին` 6 հիդրոէլեկտրակայանին, որոնցից ամենամեծը Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանն է, որն էլ այսօր ապահովում է ներքին արտադրության շուրջ 70 տոկոսը:
Արցախի կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծավալի արտադրության համար ԼՂ իշխանությունները ստիպված են պարբերաբար ջուր բաց թողնել Սարսանգի ջրամբարից։ Արդյունքում Սարսանգի ջրային պաշարները, Արցախի պետնախարարի հրապարակած տվյալներով, հասել են կրիտիկական սահմանին։
Սարգիս Շահազիզյանը պարզաբանում է, որ Արցախի ջրային ռեսուրսները թույլ են տալիս վերականգնել ջրամբարի պաշարը։ Բայց դրա համար պետք է դադարեցնել բացթողումները, ինչն այս իրավիճակում ուղղակի անհնար է. Արցախը կզրկվի էլեկտրաէներգիայի նույնիսկ այսօրվա չնչին պաշարից։
Ինչ կլինի, եթե Սարսանգի ջրամբարը չորացնեն. Ադրբեջանը չի թաքցնում շանտաժի քաղաքականությունը
«Սարսանգի ջրամբարի պաշարի վերականգնումը պրոբլեմ չէ, որովհետև Թարթառ գետը նորմալ ջրառատ գետ է։ Հիմա էլ այնպիսի սեզոն է, որ սարերում ձյունը հալվում է, բնականաբար, ինքնահոս գալու է լցվի։ Բայց սա ինչքա՞ն կբավարարի, և ի՞նչ է լինելու Արցախի էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրը»,– հռետորական հարց է տալիս մեր զրուցակիցը։
Ջրամբարի պաշարների գերսպառումը Արցախում նաև բնապահպանական խնդիր է առաջ բերում։ Ոռոգման սեզոնին ընդառաջ Արցախի գյուղատնտեսական հողատարածքները զրկված են ջրից։
«Այն, ինչ կարող է լինել դրա արդյունքում, լեզուս չի պտտվում, որ ասեմ։ Բայց նաև պետք է ասեմ, որ այս պայմաններում այլ բան ակնկալել Արցախից, երբ մեր իշխնությունները լրիվ ձեռքերը լվացել են, Արցախը դրել են մի կողմ, ուղղակի միամտություն կլիներ։ Արցախում այսօր ոչ միայն էներգետիկ, բնապահպանական, այլ արդեն գոյատևման խնդիրներ են ծագել»,– ասաց տարիներ շարունակ Արցախում աշխատած մասնագետը` հավելելով, որ որևէ միջազգային դիտորդ, միջազգային որևէ կառույցի ներկայացուցիչ մինչ օրս Արցախի համար ոչ մի օգտակար բան չի արել։ Հետևաբար, հավատալ, թե ՀՀ իշխանությունների պահանջած միջազգային դիտորդների տեղակայումը Արցախում որևէ բան կարող է փոխել, նրա համոզմամբ, ուղղակի միամտություն է։
Արցախի պետնախարար Գուգեն Ներսիսյանը նաև հայտնել էր, որ Սարսանգի ջրային պաշարներն այսօր հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 մլն մ³–ի, այն դեպքում, երբ ջրամբարի մեռյալ (չօգտագործելի) ծավալը 70 մլն մ³ է:
Արցախի ամենամեծ` Սարսանգի ջրամբարն ունի 600 մլն մ³ տարողություն։ Այն կառուցվել է 1970 թվականին Թարթառ գետի միջին հոսանքում Մարտակերտի շրջանում, շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Գրեթե նույն ժամանակահատվածում ջրամբարի վրա կառուցվել է Սարսանգի ՋԷԿ-ը` 110 ՄգՎտ հզորությամբ։
Արցախի ազատագրական պատերազմի ժամանակ Սարսանգի ջրամբարի տարածքում կատաղի մարտեր են ընթացել, որոնց շնորհիվ 1992 թվականի ամռանը հայկական բանակին հաջողվել է վերականգնել Սարսանգի ջրամբարի նկատմամբ վերահսկողությունը` ապահովելով Արցախի էներգետին ու բնապահպանական անվտանգությունը։