ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել «FlyOne Armenia» ընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանից Դուբայ մեկնելիս «FlyOne Armenia» ընկերության ինքնաթիռը վայէջք է կատարել Շիրազում։ Անանյանը Sputnik Արմենիային վստահեցրել էր, որ ավիացիոն անվտանգության հետ կապված խնդիր չի եղել։
«Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչև խնդրի պարզաբանումը»,– ասաց Անանյանը։
Նրա խոսքով` կանգառի ժամանակ «FlyOne Armenia» ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովվել է սննդով և արել հնարավորը` ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։
Քանի որ «FlyOne Armenia»–ն դեռևս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, օրն էլ ոչ աշխատանքային է եղել, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքները մի փոքր երկար են տևել։
Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք կատարել Դուբայի օդանավակայանում։