ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն անցած շաբաթ Վաշինգտոնում կայացած բանակցություններում համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանավորվածության որոշ դրույթներ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Կարծում ենք` անցած շաբաթ տեղի ունեցած քննարկումները կառուցողական էին, և Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ հարցերի լուծման գործում։ Ինչպես գիտեք, երկու երկրներն էլ սկզբունքորեն համաձայնեցրել են որոշ պայմաններ, ավելի լավ են հասկանում (այժմ) միմյանց տեսակետները: Մենք կարծում ենք, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնագիրը հասանելիության տիրույթում է», - ասել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով ՝ Միացյալ Նահանգները անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին և Հայաստանին։
«Մենք շարունակում ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել, քանի դեռ երկու պետությունները շարունակում են երկխոսություն վարել, շարունակում են հասնել կայուն խաղաղության»,– նշել է Պատելը։
Նա հավելել է, որ ուղիղ երկխոսությունը, Վաշինգտոնի կարծիքով, Բաքվի և Երևանի միջև հարցերի լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է:
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։