ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ փոխարտգործնախարարներ Վահե Գևորգյանն ու Վահան Կոստանյանը հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները քննարկել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լուոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԳ նախարարի տեղակալներն այսօր ընդունել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ դեսպաններին` Սերգեյ Կոպիրկինին ու Քրիստինա Քվինին։
«ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին` վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։