ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ԱԳ փոխնախարարներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանը ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին են ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքային խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի միջև տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին` վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 23-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։