ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայաստանում թմրամիջոցների շրջանառության հետ կապված հանցագործությունները գնալով աճելու են, քանի որ դրանց դեմ հակազդման մեխանիզմներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապես Հովհաննես Քոչարյանը։
«Որպեսզի հանցավորությունը նվազի, բավականին լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգևոր–մշակութային ոլորտներում, իրավակարգի ապահովման քաղաքականության հարցերում»,–ասաց նա։
Նա ընդգծեց, որ թմրամիցոցների շրջանառության հետ կապված աճը օբյեկտիվ օրինաչափություն է, որովհետև համակարգված պայքար, հակազդման քաղաքականություն այդպես էլ չի մշակվել այդ ոլորտում հանցագործությունները կանխարգելելու համար։
Նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխարգելելու համար գործել են միջգերատեսչական հանձնաժողովներ, սակայն այդ բոլոր աշխատանքները ձևական բնույթ են կրել։
«Միշտ պետական բյուջեից որոշակի գումար է հատկացվել այդ թմրանյութերի դեմ պայքարը կանոնակարգելու համար։ Բայց որևէ մեկը հարց չի տվել, թե այդ գումարներն ինչ նպատակով են ծախսվում, արդյոք արձանագրվում են որոշակի ձեռբերումներ, այդ գումարները շատ են, թե քիչ։ Ամեն ինչ եղել է բարձիթողի վիճակում»,–ասաց նա։
Քոչարյանն անդրադարձավ այն հայտարարություններին, թե թմրամիցոջների շրջանառությունն աճել է 98 տոկոսով` ընդգծելով, որ այդ թվերը չեն կարող իրականության հետ կապ ունենալ։
«Դա գրանցված հանցագործությունների չափաքանակով է այդքան աճել։ Այդ թիվն առնվազը երկուսով, երեքով պետք է բազմապատկել, որովհետև մեծ ծավալ է կազմում նաև չբացահայտված շրջանառությունը։ Դա նշանակում է, որ Հայաստանում հանցավորությունների թիվը էլի կաճի, հատկապես բռնի հանցագործություններինը, որովհետև թմրամիջոցներ հայթայթելու համար մարդիկ գումարներ են ձեռք բերում հիմնականում հանցավոր ճանապարհով»,–ասաց նա։
Նա հիշեցրեց, որ ամենադաժան հանցագործությունները կատարվում են թմրամիջոցների ազդեցության տակ։
Քոչարյանը թմրամիջոցների աճը բացատրում է նաև արագ հարստանալու հնարավորության և դրանով գայթակղվելու տեսանկյունից։
Այսինքն`անձի ցանկությունը վերածվում է կազմակերպված հանցագործության, որն էլ դառնում է թմրաբիզնես։
ՀՀ նախկին ոստիկանապետի խոսքով` խնդիրը դարձել է անվերահսկելի, քանի որ ոստիկանությունն ավատատիրական ժամանակներից եկած մեթոդներով է հակազդում թմրանյութերի շրջանառության երևույթի դեմ։
Մինչդեռ ավանդական մեթոդներով շատ վաղուց հնարավոր չէ խնդիրը լուծել։
«Պետք է գաղտնի ներթափանցում լինի հանցավոր միջավայր։ Մենք այսօր գործակալական մեթոդի մասին մոռացել ենք»,–ասաց նա։
Քոչարյանը վստահ է, որ թմրաբիզնեսը ծաղկում կարող է ապրել նաև առանց հովանավորչության, եթե թմրաբիզնեսի կանխարգելման համարմշակված ազգային ծրագիր գոյություն չունի։
Խնդրին Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է նաև քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նրա խոսքով` ներկայիս իշխանությունը փորձում է օրինականացնել թմրամիջոցների շրջանառությունը։
«Շատ պատգամավորներ բավականին լուրջ մեղադրանքներ ներկայացրին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին` «Պոլիգրաֆում» տեղի ունեցածի գործով։ Ի դեպ, իմ հարգանքները Վահե Ղազարյանին, եթե շարունակի պայքարել»,–ասաց Քոչարյանը։
Նշենք, որ այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի դեմ սորոսական ՀԿ-ների պայքարին միացել են նաև սորոսամերձ շրջանակներն այն դեպքից հետո, երբ «Պոլիգրաֆ» ակումբում ոստիկանները թմրանյութ էին փնտրել՝ խուզարկություն արել, բերման ենթարկել 41 անձի, որոնցից 4-ի մոտ թմրամիջոց էին գտել։
«Խնդիրը հենց դրանում է, որ այս իշխանությունները վերացրին պետությունը, հիմա ուզում են վերացնել ազգը թմրանյութերով։ Որովհետև ըստ օդում կախված լուրերի` երիտասարդների կողմից թմրանյութերի օգտագործման, շրջանառության ծավալները սարսափելի են դարձել, ընդ որում` ոչ միայն Երևանում։ Դա կբերի ազգի կործանման, որովհետև մենք առանց այն էլ փոքրաթիվ ազգ ենք, և եթե երիտասարդության մեջ նման քանակի թմրանյութեր սկսեն օգտագործել,դա չի կարող իր հետևանքները չունենալ դեմոգրաֆիայի, իսկ հետո արդեն` ազգի ոչնչացման առումով»,–ասաց նա։
Անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում միջին վիճակագրական յուրաքանչյուր խնջույք առանց թմրանյութի չի անցնում, Քոչարյանն ասաց, որ Աղաջանյանը փաստացի տվել է հաղորդագրություն հանցագործության մասին, որով իրավապահները պետք է զբաղվեն։
«Մարդը երևի մանրամասներ գիտի։ Ըստ իս, պետք է կանչեն ու հարցնեն, թե որ խնջույքներում է եղել և գործ հարուցեն ոչ թե իր վրա, այլ այն մարդկանց, որոնք թմրանյութ են օգտագործել։ Ինքը պետք է ասի, թե որտեղ է դա տեսել, եթե չի տեսել, ինչու է նման բան հայտարարում»,–ասաց նա։
Քոչարյանը հիշեցրեց` թմրանյութերի շրջանառության ազատականացման մասին դեռև շատ վաղուց հայտարարել ՀՀ Ժ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այնպես չէ, որ սա նոր հայտարարություն է։ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը վերջին մարդիկ չեն այդ կուսակցությունում, որոք պարզապես իրենց անձնական ցանկությունն են ասել։ Դա քաղաքական գիծ է»,–ասաց նա։
Հարցին, թե որքանով է հնարավոր, որ իշխանության ներսում լինի ապօրինի թմրաշրջանառության հովանավորչություն, նա նշեց, որ չի կարող պնդել, քանի որ փաստեր չունի։
«Ես նման բան չեմ բացառում` հաշվի առնելով այն մեծ ճնշումը ՆԳ նախարարի վրա, որը տեսնում ենք վերջին օրերին թե՛ պատգամավորների, թե՛ անհատների, թե՛ մերձիշխանական անհատի կողմից»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևան քաղաքի Կորյուն փողոցի 19 Ա հասցեում գործող «Պոլիգրաֆ» ակումբում ապրիլի 23-ին խուզարկության հետևանքով ձերբակալվել է 41 անձ։ Ձերբակալված անձինք հարցաքննվել են, ապա ազատ արձակվել։
Սոցցանցերում մի տեսանյութ էր տարածվել, ըստ որի` ապրիլի 22–ի լույս 23-ի գիշերը ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Երևանի «Պոլիգրաֆ» ակումբում։ Ակումբը ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք, ավելին` աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկության համար մերկացվել ոստիկանության բաժնում։