Հայաստանի բնակչությունը գնալով նվազում է. որոնք են պատճառները

Այսօր Հայաստանում ծնելիության միջին գործակիցը 1,6 է, և եթե սրան գումարենք նաև միգրացիային նպաստող գործոնները, կստանանք ներկայիս պատկերը։ Առկա խնդիրների մասին բարձրաձայնում են մասնագետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայաստանում աճում է կնոջ դերը, որն էլ իր հերթին հանգեցրել է ծնելիության նվազման։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով` մասնագիտական լեզվով ասած` դա նշանակում է, որ հայ հասարակությունը դասական կերպով ապրել է երկրորդ դեմոգրաֆիական անցում։
Դեմոգրաֆիական աղետ Հայաստանում. օրենքը զուգընկեր չունեցող կանանց թույլ կտա երեխա ունենալ
«Համաշխարհային պրակտիկային նայելով` այս միտումը գրեթե անկասելի է։ Նույնիսկ բարձր ծնելիություն ունեցող բազմաթիվ երկրներում, այդ թվում` մեր հարևան Իրանում, դիտվում է երկրորդ դեմոգրաֆիական անցում»,–ասաց Ղազարյանը։
Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում ծնելիության միջին գործակիցը 1,6 է։ Սրան գումարվում նաև միգրացիան։
«Այն երկրներում,որտեղ միջին աշխատավարձի գնողունակությունն ավելի բարձր է, աշխատուժը շարժվում է դեպի այդ երկներ։ Մենք հիմա այդ դասական իրավիճակում ենք։ Միևնույն ժամանակ, վերջին հնգամյակում Հայաստանը դարձել է ինչպես միգրացիայի ծագման երկիր, այնպես էլ տրանզիտ և ընդունող երկիր։ Մենք այս երեք մակարդակի հետ էլ գործ ունենք»,–ասաց նա։
Միաժամանակ հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանը գոյատևման միգրացիայից անցում է կատարվել դեպի մարդկային կապիտալի զարգացման միգրացիա։
«Հիմա մարդիկ գնում են ավելի որակյալ կրթական, առողջապահական ծառայությունների, սոցիալական պաշտպանության հետևից»,–ասաց նա։
Մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանն էլ իր հերթին ընդգծում է, որ նվազող բնակչության հարցում ահռելի է պետության դերը, որը պետք է վերանայի իր առջև դրված խնդիրները, որպեսզի առկա մարդկային ռեսուրսներով կարողանա ապահովել պետության և հասարակության կենսունակությունը։
Ավելի շատ ամուսնալուծվում ենք, քան ամուսնանում. ՀՀ դեմոգրաֆիական իրավիճակը` թվերով
«Շատ կարևոր է հասկանալ , որ որակյալ մասնագիտական կարողությունների տեր ներուժը շատ դեպքերում լքում է Հայաստանը համարժեք աշխատանքային միջավայր չունենալու պատճառով։ Պետք է ուսումնասիրություն արվի և հստակեցվի, թե ինչ միջավայր է անհրաժեշտ Հայաստանին տնտեսական զարգացման համար և համապատասխան ռազմավարություններ մշակվի, որպեսզի այդ ներուժը մնա Հայաստանում և շարունակի գործել այստեղ»,–ասաց նա։
Թադևոսյանի խոսքով` արտերկրում ապրող երիտասարդներից շատերը կուզեին վերադառնալ հայրենիք և աշխատել այստեղ,եթե լիներ նպաստավոր միջավայր։
Բացի այդ, ըստ ազգագրագետի, սոցիալ–տնտեսական գործոններից բացի, հասարակությանն անհրաժեշտ են նաև անվտանգային երաշխիքներ։
«Դա ամենախոցելի գործոնն է, որը կարող է ազդել երիտասարդ և հատկապես արական սեռի ներկայացուցիչների վրա։ Այստեղ շատ կարևոր է քարոզչական գործոնը , թե ինչպես են պատկան մարմինները կարողանում մոտիվացնել մարդկանց, ինչպես կարող են մարդուն կապել իր երկրի հետ` բարձրացնելով անձի քաղաքացիական հայրենասիրության մակարդակը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ վերջին մարդահամարը ՀՀ–ում անցկացվել է 2022 թ.-ի հոկտեմբերի 13-ից 22-ը։
2022թ.-ի հոկտեմբերի 13-ի դրությամբ` ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 928 հազար 914 է, նույն ժամանակահատվածում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 638 հազար 917:
Նախորդ մարդահամարի համեմատ, որն անցկացվել է 2011թ.-ին, 2022թ.-ին Հայաստանում մշտական բնակչության թիվը նվազել է 89 հազար 940-ով, իսկ 2001թ.-ի համեմատ՝ 284 հազար 97-ով:
ՀՀ բնակչության թիվը 30 տարի հետո կարող է ընդամենը 2,6 մլն լինել. դեմոգրաֆիկ ցուցանիշներ
2022 թվականինանցկացված մարդահամարի վերջնական տվյալները կհրապարակվեն այս տարվա դեկտեմբերին, տեղեկություն կլինի ոչ միայն բնակչության սեռատարիքային տվյալների մասին, այլև կրթական մակարդակի, ամուսնական վիճակի, զբաղվածության, բնակարանային պայմանների, առողջական վիճակի և շատ այլ բաների մասին։