Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11.5 տարվա ազատազրկման

Դատ
Երկրորդ զինվորի՝ Հուսոյն Ախունդովի գործը քննությունը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։ Դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաբիրովին դատապարտել է 11.5 տարվա ազատազրկման։
Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։
Երկրորդ զինվորի՝ Հուսոյն Ախունդովի գործի քննությունը շարունակվում է։ Ախունդովը մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակին սպանելու համար։
Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել։ Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։