ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Երևանում, Գյումրիում, Վանաձորում կգործարկվի շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ցանց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Այս նպատակով, ավելի վաղ, ՀԿԾՀ–ն իրականացրել և ավարտել է 700ՄՀց և 800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթներ։
Արդյունքում 700ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 2x20ՄՀց հատվածի հաղթող է ճանաչվել «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն, իսկ 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 2x10ՄՀց հատվածի հաղթող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն։
Հայտնում են, որ 5G տեխնոլոգիայի ցանցը կգործարկվի 2 տարվա ընթացքում, առավելապես «իրերի ինտերնետ»/IoT տեխնոլոգիայի ներդրմամբ:
«Կբարելավվի փակ (ներտնային) տարածքներում շարժական լայնաշերտ կապի ծածկույթի հասանելիության որակը, կբարձրացվի կապի ցանցերի հուսալիության և անվտանգության մակարդակն ու կարդիականացվեն անվտանգության համակարգերը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ արդյունքում` ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով, կզարգացվեն (կընդլայնվեն) նաև կապի առկա ենթակառուցվածքները։
Մրցութային հիմունքներով նշված ռադիոհաճախականությունների տրամադրմամբ ապահովվել են 2,250 մլրդ դրամի միանվագ (տրամադրման մասով), իսկ հետագայում նաև 1,176 մլրդ դրամ տարեկան (օգտագործման մասով) պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր։
Այսպիսով` ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարների մասով ներկայում տարեկան շուրջ 8 մլրդ դրամի պետական բյուջեի մուտքերը կհասնեն ավելի քան 9,5 մլրդ դրամի։