Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթեց թուրք մրցակցին

Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթեց թուրք մրցակցին
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվել է բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային ութերորդ օրը, որի ընթացքում ռինգում իրենց մենամարտերը անցկացրին Հայաստանի հավաքականի երեք բռնցքամարտիկներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի, Sputnik - Խաչիկ Չախոյան. Երեկոյան մրցահերթում 1/8 եզրափակիչի իր մենամարտն անցկացրեց Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), որի մրցակիցն էր թուրք Հական Քոչը։ Առաջին ռաունդը շատ ակտիվ սկսեց թուրք բռնցքամարտիկը, բայց Ռաֆայելը կարողացավ գցել մրցակցի գրոհային տեմպը։ Ի վերջո մրցավարները առաջին ռաունդում 3։2 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկի մրցակցին։
Երկրորդ ռաունդում Ռաֆայել կտրուկ փոխեց մարտավարությունն ու աշխատելով առաջին համարով՝ մեկը մյուսի հետևից ուժեղ հարվածներով ցնցեց մրցակցին։ Իսկ ռաունդի վերջնամասում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ ազդարարելով հայ բռնցքամարտիկին բացահայտ առավելությունն ու հաղթանակը։
Քառորդ եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտելու է վրացի Գեորգի Կուշիտաշվիլիի հետ։ Ընդ որում, հայ ու վրացի բռնցքամարտիկները իրար դեմ մենամարտել են 2022 թվականին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչում, ու հաղթանակ է տոնել Կուշիտաշվիլին։
Վաղը մեր ընտրանու կազմում ռինգ է դուրս գալու Գուրգեն Մադոյանը, որը քառորդ եզրափակչի ուղեգիրն է վիճարկելու մոնղոլ Միշելտ Բատումուրի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մրցատեղի էր մեկնել 11 բռնցքամարտիկով։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը(54կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (92+ կգ) արդեն պարտվել ու լքել են մրցաշարը։