ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանն ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Փոխարտգործնախարարները դեսպանին ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին` վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։