ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Պաշտոնական Անկարան պահանջում է ապամոնտաժել Երևանում տեղադրված «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշարձանը։ Sputnik Ադրբեջանի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում։
«Թուրքիան զգուշացրել է Երևանին և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե հուշարձանը չապամոնտաժվի», - հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով. Անկարան հուշարձանի բացումն անվանել է «սադրանք»։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Նեմեսիս»–ի հուշարձանի տեղադրման մասին, նշել էր` «կայացվել է սխալ որոշում, և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»։ Հավելել էր, որ դա տեղի է ունեցել հուզական ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, և ինքը չէր ցանկանա, որ դա դիտվեր իբրև Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։