2022-ին Ադրբեջանի 3 քաղաքացի է այցելել Հայաստան. զբոսաշրջիկների թիվն այս տարի ավելացել է

Զբոսաշրջիկներ Երևանում
Վիճակագրական կոմիտեն նշել է նաև, որ այս տարվա հունվար–մարտ ամիսներին Թուրքիայի 2712 քաղաքացի է ժամանել Հայաստան, ինչը 2.2 անգամ ավելի է, քան նախորդ տարի նույն ժամանակատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայաստանն այս տարվա առաջին եռամսյակում 451 հազար 850 զբոսաշրջիկ է այցելել, այսինքն` 202 հազար 489 հազար մարդ ավելի, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքէջում։
Հունվար-մարտ ամիսներին Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիներ, ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 237 հազար 40 (նախորդ տարի՝ 108 976 մարդ): Երկրորդ տեղում են տարբեր երկրներից Հայաստան այցելած հենց Հայաստանի քաղաքացիները՝ 74 հազար 186 (նախորդ տարի՝ 56 519 մարդ): Զգալի է նաև Հայաստան այցելած Վրաստանի քաղաքացիների թիվը՝ 53 հազար 707 (նախորդ տարի՝ 24 158 մարդ), Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների թիվը՝ 25 հազար 458 (նախորդ տարի՝ 23 291 մարդ): Հնգյակը եզրափակում են Ֆիլիպինների քաղաքացիները` 5981 մարդ, իսկ նախորդ տարի նրանք եղել են 2036–ը։
Հայաստանում զբոսաշրջիկների թիվը 2023-ի վերջին կարող է գերազանցել 2 միլիոնը. Քերոբյան
2023 թվականի հունվար–մարտ ամիսներին Հայաստան է այցելել նաև Թուրքիայի 2712 քաղաքացի, ինչը 2.2 անգամ ավելի է (1244 մարդ), քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Նշվում է նաև, որ 2022 թվականի առաջին 3 ամսում Ադրբեջանի 3 քաղաքացի էլ է ժամանել Հայաստան, սակայն այս տարի նույն ժամանակահատվածում ոչ ոք չի եկել։