ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքա Չարլզ Երրորդին թագադրման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Ուղերձում Խաչատուրյանը շեշտել է, որ անչափ տպավորված է թագադրման արարողությունից, որը, անշուշտ, պատմական իրադարձություն է։ Նախագահը մաղթել է թագավորին քաջառողջություն, արևշատություն, ուժ և կորով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունն առաջնորդելու կարևոր առաքելության մեջ:
«Վստահ եմ, որ կշարունակեք նվիրվածությամբ առաջնորդել Միացյալ Թագավորությունը և ծառայել բրիտանացի ժողովրդին՝ հավատարմորեն պահպանելով արքայական թագի ավանդույթները: Լիահույս եմ, որ Ձերդ Մեծության գահակալման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,– ասված է ուղերձում։
Վահագն Խաչատուրյանը հրավիրել է Չարլզ 3-րդին իրեն հարմար ժամանակ այցելել Հայաստան։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ՀՀ նախագահը Վեսթմինսթերյան աբբայությունում մասնակցել է Չարլզ Երրորդի թագադրման հանդիսավոր արարողությանը։