ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Լեհական Orlen էներգետիկ կոնցեռնի վարչության նախագահ Դանիել Օբայթեկը հայտարարել է, որ ռուսական նավթի արգելքն ընկերության վրա օրական մոտ 27 մլն դոլար է արժենում։ Տեղեկությունը հայտնում է բրիտանական Financial Times թերթը:
«PKN Orlen-ի ղեկավար Դանիել Օբայթեկը ռուսական նավթի կորուստը նկարագրել է որպես օրական մոտ 27 միլիոն դոլարի կորուստ՝ ավելի էժան ռուսական նավթի և այլընտրանքային մատակարարումների միջև մեկ բարելի դիմաց մոտ 30 դոլար գնի տարբերության պատճառով», - այսօր հաղորդում է թերթը:
Ընդ որում, Օբայթեկը նշել է, որ դա կորուստ չի համարում։ Նրա խոսքով՝ դա «Ռուսաստանին աջակցելուց հրաժարվելու հարց է»: Սակայն նա նշել է, որ իր ընկերությունը դեռ օգտագործում է ռուսական նավթը, որը մատակարարվում է «Բարեկամություն» նավթամուղով չեխական Լիտվինովում ընկերության նավթավերամշակման գործարանի համար:
«Ռուսական նավթի ամբողջական փոխարինումը պահանջում է բարելավել նավթային մատակարարումների լոգիստիկան, ինչի վրա մենք Չեխիայի կառավարության հետ աշխատում ենք», - ասել է Օբայթեկը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու ու թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատացնելն է։