ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լենցովի Բաքվում անցկացված բանակցություններն արդյունք չեն տվել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս շաբաթ Լենցովի գլխավորած ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն այցելել էր Բաքու, հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ռուս զինվորականը ադրբեջանական կողմի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը:
«Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել: Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,– գրել է Ներսիսյանը։
Նշենք, որ ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում ընդունել էր Լենցովին։
Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին Արցախը Հայաստանին կապող մայրուղու վրա՝ Հակարիի կամրջի մոտ, Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել։ Դրա հետևանքով Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի չորս համայնքները` Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր, հայտնվել են երկկողմանի արգելափակման մեջ՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի, թե՛ Հայաստանի հետ կապից: