Արդեն մի քանի ամիս է` Դիլիջան քաղաքի այգում աշխատում է յուրահատուկ կինոթատրոն` ցուցադրվող 4 իմերսիվ ֆիլմերով, որոնցից մեկը, ի դեպ, հայկական արտադրության է։
Տարածաշրջանում եզակի հարթակ` հատուկ էֆեկտների սիրահարների համար
«Դիտարանը» նորագույն տեխնոլոգիաներով հագեցված՝ 4K սարքավորումներով, լիագմբեթ, 360 աստիճան ընդգրկումով, այսինքն` իմերսիվ հարթակ է։ Այս էֆեկտի շնորհիվ հանդիսատեսի մոտ տպավորություն է ստեղծվում, թե ինքը հենց ֆիլմի մեջ է, այլ ոչ թե դահլիճում նստած։
«Դիտարան» իմերսիվ հարթակը
© Sputnik / Aram Nersesyan
Այս 4K սարքավորումները, իրենց որակով և տեխնիկական բնութագրով, միակն են տարածաշրջանում։ Սարքավորումները ներկրված են եվրոպական տարբեր երկրներից՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Հոլանդիայից և Դանիայից։
«Դիտարանի» բոլոր ֆիլմերը եռալեզու են` հայերեն, ռուսերեն և անգլերեն, տևողությունը 25-35 րոպե է։
Ցուցադրվող 3 ֆիլմերն արտասահմանյան արտադրության են։ Դրանցից 2–ը հատուկ պատանիների համար են. ուսուցողական են ու բացահայտում են երեխաներին հետաքրքրող մի շարք հարցեր` տիեզերքից մինչև դինոզավրեր։
«Դիտարան» իմերսիվ հարթակը
© Sputnik / Aram Nersesyan
Ֆիլմերից մեկն էլ ձայնային և լուսային էֆեկտներով իմերսիվ շոու է։ Եվ վերջապես 4-րդը հայական արտադրության «Պատկերքն» է, որը ստեղծվել է հատուկ «Դիտարանում» ցուցադրելու համար։
Անիի Հոնենց եկեղեցու եռաչափ վերակազմությունը Դիլիջանում
«Պատկերքը» ֆիլմ է հայ մշակույթի ու արվեստի մասին։ Այստեղ ներկայացված է հայկական մշակույթի ընտրանին` 5-րդ դարից մինչև Մարտիրոս Սարյան։ Այն սկսվում է հայերեն առաջին ձեռագրից, հետո ցուցադրվում են տարբեր դարերի մատենագրություններ, մանրանկարներ, պատմական նշանակություն ունեցող կտավներ։
Ֆիլմում մի դրվագ էլ ամբողջությամբ նվիրված է Անիի Տիգրան Հոնենց եկեղեցուն։ Եկեղեցու որմնանկարները, որոնք գտնվում են անմխիթար վիճակում, առաջին անգամ են վերարտադրվել, այն էլ` եռաչափ։ Ֆիլմի էֆեկտների շնորհիվ հանդիսատեսի մոտ տպավորություն է, թե իսկապես զբոսնում է եկեղեցում։
Ֆիլմն ավարտվում է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» որմնանկարի մասին պատմող դրվագով։
«Պատկերքում» հնչող երաժտությունը նույնպես հայկական է` կրկին 11–րդ դարից մինչև ժամանակից կոմպոզիտորներների ստեղծագործություններ։
Նախագծի հեղինակները մի կարևոր սկզբունքով են առաջնորդվել` ամեն ինչ ներկայացնել պատմական ճշգրտությամբ։ Այդ իսկ պատճառով ֆիլմը ստեղծելու համար նրանք աշխատել են Մատենադարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ։
Դիլիջանը` նորարարական ցուցահանդեսների կենտրոն
Նախագծի հեղինակները ցանկություն ունեն, որ «Դիտարանը» հարթակ դառնա ժամանակակից ստեղծագործողների համար և ֆիլմերից բացի այնտեղ ցուցադրվեն նաև ժամանակակից լուսանկարիչների, քանդակագործների ու նկարիչների ստեղծագործություններ։
Արդեն հայկական արտադրության նոր ֆիլմերի գաղափարներ էլ ունեն։ Դրանցից մեկը կպատմի հայ ճարտարապետության, մյուսը` հայոց պատմության մասին։
Նախագծի հեղինակները փաստում են` դժվար գործ է, բայց խոստանում են իրականացնել այն։
Չնայած Դիլիջանն արդեն իսկ բավականին պահանջված զբոսաշրջային ուղղություն է Հայաստանում, բայց նախաձեռնության հեղինակները վստահ են` իրենց հարթակի շնորհիվ քաղաքն ավելի գրավիչ կդառնա։