Պրիլեպինի մեքենան պայթեցնելու մեջ կասկածվող անձը խոստովանական ցուցմունք է տվել. ՌԴ ՔԿ

ՌԴ ՔԿ
Ալեքսանդր Պերմյակովը պայթուցիկ սարք է տեղադրել, որը գործարկել է հեռակառավարմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Գրող Զախար Պրիլեպինի դեմ մահափորձին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալված Ալեքսանդր Պերմյակովը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ գործել է ուկրաինական հատուկ ծառայությունների առաջադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։
«ՌԴ քննչական կոմիտեի քննիչները ստուգում են` արդյոք Ալեքսանդր Պերմյակովն առնչություն ունի Զախար Պրիլեպինի դեմ մահափորձի հետ։ Կասկածյալը ձերբակալվել է, հարցաքննության ընթացքում նա ասել է, որ գործել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցների առաջադրանքով։ ՌԴ ՔԿ քննիչները շարունակում են հարցաքննել Պերմյակովին։ Նա ցուցմունք է տալիս իրականացրած հանցագործության հանգամանքների վերաբերյալ։ Դատական փորձաքննություն նշանակելու և անցկացնելու համար փորձագետները նրա ձեռքերից և հագուստից նմուշառում են իրականացրել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Զախար Պրիլեպինի ճանապարհին Պերմյակովը պայթուցիկ սարք է տեղադրել, որը գործարկել է հեռակառավարմամբ։ Դրանից հետո նա թաքնվել է դեպքի վայրից, սակայն ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից, երբ դուրս է եկել անտառից։
Ավելի վաղ RT–ի աղբյուրը հայտնել էր, որ Պրիլեպինի ավտոմեքենան պայթել է Նիժնի Նովգորոդի մարզի Պիոներսկի գյուղում` բավական խուլ տեղում, Նիժնի Նովգորոդի Բոր քաղաքից մոտ 80 կմ հեռավորության վրա` Կերժենեց գետից քիչ հեռու։
Վարորդը մահացել է, գրողին հիվանդանոց են տեղափոխել։ ՏԱՍՍ–ի տվյալներով` «Audi Q7» մեքենայի շարժիչի ծալովի ծածկոցի տակ շուրջ 3 կգ–անոց պայթուցիկ է եղել։ Պրիլեպինի առողջությանը վտանգ չի սպառնում, նա կոտրվածքներ է ստացել։
Գրողի մամուլի ծառայությունը հայտնել է, որ պայթյունից մահացածը Ռոսգվարդիայի «Օպլոտ» գումարտակի աշխատակից Ալեքսանդր Շուբինն է եղել։