Հացահատիկի գործարքի շուրջ բարձր մակարդակի հանդիպում կկայանա մոտ ապագայում. ՌԴ ԱԳՆ

Հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հացահատիկային նախաձեռնության շուրջ բարձր մակարդակի հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում և կանցկացվի քառակողմ ձևաչափով: Տեղեկությունը RT–ին է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։
Փոխնախարարը հավելել է, որ հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
«Ռուսաստանն արդեն մեծ ներդրում է կատարում պարենային անվտանգության ապահովման համար, և դա քաջ հայտնի է բոլորին։ Եթե մեզ հաջողվի վերացնել սահմանափակումները, օրինակ, մեր գյուղատնտեսական և նաև պարարտանյութերի արտահանման համար, աշխարհի շատ երկրներ կշահեն», - ընդգծել է Վերշինինը։
Նրա խոսքով` ռուսական կողմին չի գոհացնում, որ հացահատիկի գործարքի հարցում առաջընթաց չկա, իսկ Մոսկվայի համար շատ կարևոր է դրա պայմանների բավարարումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որը պետք է կայանար Ստամբուլում մայիսի 5-ին, հետաձգվել է: Թուրքական կողմի ներկայացուցիչների խոսքով՝ դա պայմանավորված է եղել ՄԱԿ-ի, Թուրքիայի, ՌԴ-ի և Ուկրաինայի տեխնիկական անձնակազմերի անդամների հետ խորհրդակցություն անցկացնելու անհրաժեշտությամբ։
Գնահատում ենք ջանքերը, բայց մեզ արդյունքներ են պետք. Վերշինինը` հացահատիկի գործարքի մասին
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը առանց ժամկետների և ծավալների փոփոխության։
Հետագայում գործարքը երկարացվեց ևս 60 օրով` մինչև մայիսի 18–ը։
Հացահատիկի գործարքում դժվարությունները Կիևի և ՄԱԿ-ի գործողությունների պատճառով են. ՌԴ ԱԳՆ