ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան․ 2023 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանում 554 մարդ երիկամի և լյարդի փոխպատվաստման կարիք ունի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Լյարդի փոխպատվաստման են ենթակա շուրջ 50 մեծահասակ, 4 մանկահասակ պացիենտներ: Երիկամի փոխպատվաստման կարիք ունի մոտ 500 պացիենտ»,- նշել են գերատեսչությունից։
ԱՆ-ից հիշեցրել են, որ առողջապահության նախարարի` 2019 թվականի փետրվարի 1-ի «Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը սահմանելու մասին» հրամանի համաձայն` ՀՀ–ում իրականացվում է երիկամի, լյարդի և եղջերաթաղանթի փոխպատվաստում։
Այսպիսով` վերջին չորս տարվա ընթացքում՝ 2019-ից մինչև 2022 թվականը ներառյալ, երիկամի փոխպատվաստում է արվել 62, իսկ լյարդի փոխպատվաստում՝ 9 բուժառուի։
Գերատեսչությունը տվյալներ չունի սրտի փոխպատվաստման կարիք ունեցող քաղաքացիների մասին։
Նշենք, որ հարցն առավել քան արդիական է, քանի որ հանրապետությունում մահացությունների առյուծի բաժինն ընկնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին: Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ սրտի փոխպատվաստումը հնարավոր կլինի իրականացնել միայն օրգանների դոնորների (այդ թվում՝ դիակային) և ռեցիպիենտների ռեեստրի վերջնական ձևավորումից, ինչպես նաև բոլոր իրավական նորմերի հաստատումից հետո:
Հայաստանում սրտի փոխպատվաստում իրականացնելու համար անհրաժեշտ է վերանայել օրենսդրական դաշտը, լրացում կատարել առողջապահության նախարարի` 2019 թվականի փետրվարի 1-ի 03-Ն հրամանում։
Անհրաժեշտ է նաև մշակել և հաստատել փոխպատվաստման նպատակով դիակային դոնորից սիրտը վերցնելու, վերցրված սիրտը մշակելու և փոխպատվաստելու ուղեցույցը: Միաժամանակ պետք է ստեղծել դիակային դոնորից սիրտ վերցնող և փոխպատվաստող մասնագիտական խմբեր։
Ինչ վերաբերում է ռեեստրին, ապա առողջապահության նախարարությունը հիշեցրել է, որ ռեեստրի գործողության և ձևավորման կարգը ընդունվել և հաստատվել է դեռևս 2022 թվականի հունվարին։ Այն ուժի մեջ է մտել 2022 թվականի նոյեմբերին։ Հրամանով հաստատված ծրագրային աշխատանքները մշակման են հանձնվել «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ին:
Նախարարությունը կարծում է, որ օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի ստեղծումը և գործարկումը կնպաստի ՀՀ-ում օրգանների փոխպատվաստման ծառայության զարգացմանը, այդ թվում` դիակային փոխպատվաստման ծառայության ներդրմանը: ՀՀ-ում օրգանների փոխպատվաստման ծառայության զարգացման արդյունքում կբարելավվի փոխպատվաստված պացիենտների կյանքի որակը, կապահովվի փոխպատվաստված պացիենտների սոցիալական ադապտացիան, կնվազի մահացության ցուցանիշը փոխպատվաստված պացիենտների շրջանում: