ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Հայանտառ» ՊՈԱԿ–ի Գյուլագարակի անտառպետության անտառապետին և անտառապահին մեղադրանք է առաջադրվել ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության և կեղծիքի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախաքննական մարմինը պարզել է, որ նշված անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չկատարելու և Գյուլագարակի անտառտնտեսությունում շրջայցեր իրականացնելու վերաբերյալ տեղեկանքները կեղծելու հետևանքով 2019 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2020 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատվել է 2036 ծառ: Պետությանը պատճառվել է 55.9 մլն դրամի վնաս։
Նշված խախտումները հայտնաբերվել և արձանագրվել են 2020 թվականի մայիսի 15-ին անտառտնտեսությունում իրականացված ստուգումների արդյունքում:
Անտառապետին և անտառապահին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Նշենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանին ևս մեղադրում են ծանր հետևանքներով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: