ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մինչ օրս չի կարողացել ձևակերպել երկրի շահերը, այդ պատճառով էլ արտաքին գործընկերներից սպասումներն ուռճացված են ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով ու հիասթափությամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունն այն մասին, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը չի երաշխավորում անվտանգությունը և լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում։
Հետաքրքրական է, որ մինչ այդ Հայաստանի իշխանությունները դժգոհություն էին հայտնում ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից՝ պնդելով, որ Հայաստանի գործընկերներն ու դաշնակիցները բավարար չափով չեն ապահովում անվտանգությունը:
Միքայելյանի կարծիքով` Հայաստանի ղեկավարությունը մինչ օրս չի հասկացել, որ ոչ ՀԱՊԿ կոնտինգենտը, ոչ էլ, առավել ևս, ԵՄ քաղաքացիական դիտորդները ինքնուրույն չեն ապահովելու Հայաստանի անվտանգությունը: Եվ ոչ միայն մանդատի և հնարավորությունների սահմանափակության պատճառով, այլև որ այս բոլոր նախագծերը հիմնականում կոչված են պաշտպանելու հենց իրենց, այսպես ասած՝ հեղինակների և համակարգողների շահերը:
Ցանկացած առաքելություն գործում է` առաջին հերթին ելնելով իր պետությունների առաջնահերթություններից։ Թե ինչպես այդ առաջնահերթություններն ու շահերը կհամընկնեն հայկականի հետ, մեծապես կախված է հենց Հայաստանի ղեկավարությունից։ Քաղաքագետի կարծիքով ՝ հենց Երևանը պետք է ստեղծի անվտանգության ինչ-որ հարթակ՝ օգտագործելով արտաքին դերակատարների ներուժն ու ռեսուրսները։
«Քաղաքացիական դիտորդները` ըստ կարգավիճակի և ըստ կարողությունների, իսկապես չեն կարողանում ապահովել անվտանգությունը, կարող են անվտանգության մակարդակը որոշակի բարձրացնել, լինել ինչ–որ զսպիչ մեխանիզմ, չնայած մենք իմացել ենք, որ այստեղ ևս անհասկանալի ինֆորմացիայի փոխանակում կա Ադրբեջանի հետ»,– նշեց Միքայելյանը։
Փորձագետի համար առաջնային հարցը ոչ թե այն է, թե աշխարհաքաղաքական որ վեկտորն է նախընտրում Հայաստանը, ում է հրավիրում իր տարածք, այլ այն, թե ինչ նպատակով են այդ առաքելությունները գալիս:
«Եթե նրանք գալիս են, որ Ադրբեջանը մեր ուղղությամբ չկրակի, ապա դա անիրատեսական է, մի քիչ ինֆանտիլ մտածելակերպ է»,– շեշտեց քաղաքագետը։
Ըստ այդմ, անհրաժեշտ է կոմպետենտության որոշակի մակարդակ՝ առաքելությունների դերն ու խնդիրները ճիշտ և համարժեք ընկալելու համար։
Փորձագետը կարծում է` հենց ընդունող կողմը հասկանա հեղինակների մտահղացումը, կկարողանա ձևավորել իր ակնկալիքներն ու հետաքրքրությունները։
«Եթե ներկայիս իշխանությունն ունենար պատրաստի փաթեթ, թե ինչպիսին է Հայաստանի ռազմաքաղաքական շահը և ինչպես է այդ շահի իրագործմանը նպաստում ՀԱՊԿ - ի կամ ԵՄ-ի առաքելությունը, այդ համատեքստում դիտարկվեին նրանց հետ հարաբերությունները, անշուշտ դրանց արդյունավետությունն ավելի բարձր կլիներ։ Եթե մենք սպասում ենք, որ մեր տեղն անվտանգության ապահովման դերը կվերցնեն ուրիշները, դրանք անպտուղ սպասելիքներ են»,– վստահ է Միքայելյանը։
Ցանկացած իշխանության գործառույթն առաջին հերթին պետության և նրա քաղաքացիների անվտանգության ապահովումն է, այլ ոչ թե կոմունալ վճարներ հավաքելը։ Մնացած երկրները կարող են այդ գործում միայն գործընկերներ լինել, ինչ-որ աջակցություն ցուցաբերել։ Հայկական իշխանության պարագայում մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր՝ հանրապետության անվտանգության համար պատասխանատու են բոլորը, բացի ղեկավարությունից։ Փորձագետը կարծում է, որ հենց նման տարընկալումներն են պատճառ դառնում Հայաստանի վարչապետի այդպիսի հնչեղ արտահայտությունների համար։