ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ Երրորդին շնորհավորել է թագադրության առթիվ և հիշել բրիտանական գահակալի` 2013 թվականի այցը Հայաստան։ Սարգսյանը նաև Գեղարդում արված լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
«Ձերդ Մեծության հարգանքը հայոց մշակույթի և սովորույթների հանդեպ, հետաքրքրվածությունը դեպի Հայաստանի հարուստ պատմությունը և ավանդույթները, ինչպես նաև երկրի ժառանգության պահպանման նկատմամբ մտահոգությունը հուզիչ էին յուրաքանչյուր հայի համար»,– գրել է Սարգսյանը։
Նա Չարլզ Երրորդին շնորհակալություն է հայտնել ոչ միայն Հայաստան գալու, այլև 2015-ին Վեսթմինսթերյան աբբայությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը մասնակցելու համար։ Հիշատակել է նաև 2020 թվականին նրա այցելությունը Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի:
Սարգսյանը շեշտել է, որ արքայական գահը ստանձնել է մի առաջնորդ, որն ունի հարուստ կենսափորձ, անհրաժեշտ մարդկային որակներ, գիտելիք ու կարողություններ՝ արժանապատվորեն առաջնորդելու Միացյալ Թագավորության և Համագործակցության երկրները:
«Դուք Միացյալ Թագավորության գահակալն եք դառնում այնպիսի բարդագույն ժամանակաշրջանում, որն առավելագույն կամք, խոհեմություն և հմտություններ է պահանջելու Ձեզնից՝ որպես ոչ միայն համաշխարհային քաղաքական ու տնտեսական աշխարհակարգում առաջատարի դիրք ունեցող պետության, այլև աշխարհի ամենահայտնի և ազդեցիկ թագավորական դինաստիաներից մեկի առաջնորդից»,– շեշտել է Սարգսյանը։
Նա կասկած չունի, որ Չարլզի Երրորդի թագավորության տարիները նշանավորվելու են Միացյալ Թագավորության զարգացմամբ և նրա համաշխարհային դերի ամրապնդմամբ:
«Ակնկալում եմ, որ դրանից շահելու է նաև հայ և բրիտանացի ժողովուրդների բարեկամությունը»,– ընդգծել է ՀՀ չորրորդ նախագահը։
Հիշեցնենք` Բրիտանիայի միապետ Չարլզ III–ն այսօր պաշտոնապես թագադրվեց Վեսթմինսթերյան աբբայությունում։