ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը Անկարայում հասցեական ելույթներ են ունեցել, որոնք բուռն արձագանքի են արժանացել ադրբեջանցիների կողմից։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանից պատվիրակություն է մեկնել Թուրքիա` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին մասնակցելու։ Գագաթնաժողովին հաջորդած լիագումար 61-րդ նիստում մեր երկրի պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ու պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը խոսել են Ադրբեջանի ապօրինի գործողությունների մասին։
«Անդրադարձա Լաչինի միջանցքի շրջափակմանը, վերջին իրադարձություններին, անցակետ տեղադրելուն և կոչ արեցի Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչին նրանք, բնականաբար, բուռն արձագանքեցին»,– իր ելույթի մասին խոսել է Թունյանը։
Պապոյանը ևս խոսել է իրավիճակի մասին` շեշտելով, որ Ադրբեջանը շրջափակման է ենթարկել Արցախը և արցախահայությանը, մարդիկ այսօր սոցիալական շատ խնդիրների առաջ են կանգնած։ Ոչ միայն դեղորայքի, պարենի պակաս կա, այլև ցեղասպանության վտանգ։
«Իմ ելույթի ժամանակ ադրբեջանցիները այսպես ասած տաքացան, ինձ մեղադրեցին սուտ խոսելու մեջ»,– նշել է Պապոյանը։
Թունյանը նաև տեղեկացրել է, որ իրենք հորդոր են հղել կազմակերպության գլխավոր քարտուղար, ազգությամբ ադրբեջանցի Ասաֆ Հաջիևին` պահանջելով, որ նա այլևս չխախտի քաղաքական չեզոքության սկզբունքը։
«Օգտագործելով կազմակերպության սոցիալական ցանցի հարթակները` Twitter և այլն, միակողմանի հայտարարություններ է արել, նաև թուրքական Anadolu–ին տված հարցազրույցում, հանդես գալով ի պաշտոնե, անթույլատրելի հայտարարություններ է արել նաև Հայաստանի հասցեին, ընդհուպ ուժի կիրառման սպառնալիքի մասին խոսել»,– ներկայացրել է Թունյանը։
Նրա խոսքով` իրենք կոչ են արել, որ Հաջիևը ոչ միայն հեռացնի այդ հրապարակումները, այլև հետագայում էլ նման բան չանի։