Վրաստանը 1 ամսով փակել է «Կազբեկի» անցակետի ելքերը թեթև մարդատար ավտոմեքենաների համար

«Կազբեկի» անցակետ
Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը ժամանակավորապես կիրականացվի բեռնատարների համար նախատեսված պահեստային ելքերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Վրաստանն այսօրվանից 1 ամսով փակել է Հայաստանից Ռուսաստան տանող ճանապարհին գտնվող «Կազբեկի» անցակետի ելքերը մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
««Կազբեկի» մաքսային անցակետում թեթև մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով ընթացող շինարարական/վերականգնողական աշխատանքներով պայմանավորված` պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն մեկ ամսով»,– ասված է հաղորդագրությունում։
Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը ժամանակավորապես կիրականացվի բեռնատարների համար նախատեսված պահեստային ելքերով։
Ուղևորների համար սահմանահատումը կիրականացվի շուրջօրյա՝ անփոփոխ/սահուն ռեժիմով։
Վերականգնողական աշխատանքներն ավարտվելուն պես «Կազբեկի» մաքսակետը սովորականին պես կաշխատի ամբողջ հզորությամբ։
Հավանական է, որ ուղիների ժամանակավոր կրճատման արդյունքում վրացական կողմում լինեն հերթեր և կուտակումներ:
Ի՞նչ է արվում, որ Լարսի անցակետում բեռնատարների հերթը նվազի. Քերոբյանի պատասխանը
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։